Որևէ պետական մարմին, առավել ևս նոր Հայաստանում, չպետք է գրպանից հանի թեկնածու և դեմ տա մեր հանրությանը․ Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ՍԴ դատավորի նոր թեկնածուի, բայց ոչ այնքան նրա մասին մի փոքր ավելի երկար եմ գրելու, բայց խնդրում եմ ՈՒՇԱԴԻՐ կարդալ ամբողջությամբ, քանի որ որոշ շատ կարևոր բացահայտումներ եմ արել:

Եթե որոշ նորահայտ և հին ՀԿ-ների ներկայացուցիչներ (ու էստեղ ես չեմ օգտագործելու իրավապաշտպան բառը, ինչն էլ որ լրագրողներին ևս խորհուրդ չեմ տալիս, որովհետև էդ բառը լուրջ բառ ա) երեկ չանեին որոշ հայտարարություններ, ես գուցե և գլխի չընկնեի էն ամենը, ինչը որ էսօր եմ գլխի ընկել: Ինձ օգնեց նաև նախորդ օրը իմ տեղադած FIDH-ի կոնգրեսի տեսանյութի ավելի մանրազնին դիտումը, որը այսօր էլի կտեղադրեմ, որպեսզի դուք էլ տեսնեք այն, ինչ ես եմ տեսնում այնտեղ և որոշ այլ գործոններ:

Ուրեմն այսպես. մի երեք օր առաջ Ռուբեն Մելիքյանը Factor.am-ին տված մեկնաբանության մեջ հայտնում է, որ նոր Սահմանադրական դատարանն ունենալու է լեգիտիմության լուրջ խնդիր և հորդորում նոր թեկնածուներին լրջորեն մտածել որպես ՍԴ դատավորի թեկնածու իշխանության առաջարկն ընդունելուց առաջ, քանի որ, ըստ նրա սպառնալիքների, կիսելու են, ուշադիր, էն քրեական պատասխանատվությունը, որին ենթարկվելու է այսօրվա իշխանությունը: Երեկ արդեն երբ հայտնի դարձավ, թե կառավարությունն ում է առաջադրում որպես ՍԴ դատավորի թեկնածու, նույն Ռուբեն Մելիքյանը փոխարենը նոր թեկնածուին լեգիտիմության խնդրի ու իրեն սպասվող քրեական պատասխանատվության մասին զգուշացնի, որոշում է սլաքներն ուղղել այն ՀԿ-ների դեմ, որոնք ժամանակին կոչ են արել ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրել մրցութային ընթացակարգով, այդ թվում` Իրավունքի Եվրոպային: Ու միամտորեն հարցնում, թե ու՞ր են այդ ՀԿ-ները։

Եվ ուրեմն ինչու՞ է այդպես։

Պատասխանները հեշտ չեն, բայց գտնվեցին:

Ռուբեն Մելիքյանը, ինչպես տեղեկանում ենք իր կենսագրությունից 2007-2009թթ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի օգնականի, իսկ այնուհետև` վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն եղել է հենց այն նույն տխրահռչակ դատավոր Դավիթ Ավետիսյանը, որի որդուն իշխանությունը փորձում է կարգել ՍԴ դատավոր: Եթե ուշադիր նայեք FIDH-ի կոնգրեսի տեսանյութը, ապա կտեսնեք, որ այն ժամանակ, երբ իրավապաշտպան Վարտգեզ Գասպարին ակցիա է իրականացնում Ռուբեն Մելիքյանի շեֆի` Դավիթ Ավետիսյանի դեմ, նրա դիմացի շարքում ամոթխած նստած Ռուբեն Մելիքյանն անգամ չի համարձակվում շրջվել ու նայել Վարտգեզին:

Էս մեկ:

Նույն տեսանյութում, երբ Դավիթ Ավետիսյանին թույլ չեն տալիս խոսել, նրան դահլիճից դուրս գալուց ուղեկցում է մի աղջիկ, որը շատ նման է Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Աննա Վարդապետյանին: Բացում ես Աննա Վարդապետյանի կենսագրականը ու ինչ. պարզվում է, որ նա էլ 2009 – 2013 թթ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նույն տխրահռչակ նախագահ Դավիթ Ավետիսյանի օգնականի պաշտոնը: Չի բացառվում, որ նաև նրա գործուն ջանքերով է նախկին շեֆի որդին ստացել այն դրական երաշխավորությունները, որի հիման վրա նրան Կառավարությունը երեկ առաջադրել է որպես ՍԴ դատավորի թեկնածու:

Թե ովքեր են այս հնարավոր պաշտոնավարումից ուրախացողները ու այս ուղղությամբ ջանքեր ներդրողներից ոման, արդեն պարզ է:

Իսկ հիմա թեկնածուի մասին.

Հարգելի իշխանություն, ի՞նչ երկընտրանքի առջև եք դուք կանգնեցնում այս մարդուն։ Եթե նա հեղափոխական, ժողովրդավարական արժեքների կրող է, ապա նա չի կարող չդատապարտել իր հորը, որի կուրացիայի ներքո է գտնվել Մարտի 1-ի դեպքերից հետո բազում քաղբանտարկյալների հարցը: Եթե նա չդատապարտի իր հորը, ապա նա չի դավանում այն արժեքներին, որոնց, ըստ ձեր հայտարարույթունների, դավանում եք դուք, որոնց դավանում եմ ես, որոնց դավանում է մեր ժողովրդի առողջ մեծ հատվածը: Եթե նա դատապարտի իր հորը, ապա մենք ունենալու ենք մի նոր Սամվել կամ, մի ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, Պավլիկ Մարոզով (Միքայել Մինասյանի եղբոր Հ1-ի ելույթից հետո նրան այդպես կոչած ՀԿ-ի ներկայացուցիչ Ավետիք Իշխանյանը այսօր բնականաբար այդ նույն անունով չի կոչում Վահրամ Ավետիսյանին: Հայտնի պատճառներով), որը ծախելու է իր մասնագիտական վերելքն ապահոված հորը: Ի՞նչ է, ՍԴ դատավոր դառնալուց հետո նա չի՞ շփվելու իր հոր հետ։

Եվ վերջապես ի՞նչ բարոյական ուղերձ եք դուք, ձեզ հեղափոխական հռչակած իշխանությունդ հղում մեր ժողովրդին։ Որ իրենց կեղեքած, քրեակատարողականները քաղբանտարկյալներով լցրած կոռուպցիոներ մեկը այսօր քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն հանգիստ վայելում է իր չվաստակած հանգիստը, իսկ նրա որդին հիմա կընտրվի ՍԴ դատավո՞ր։ Իսկ եթե նա չլիներ էդ հոր որդին, արդյո՞ք նա Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կարողանալու էր կերտել այն կարիերան, որը կերտել է։ Եվ վերջապես արդյո՞ք նրա թոռն էլ իր հերթին մի օր չի մտածի, որ նույն հանցագործությունները ինքը կարող է գործել, որովհետև իր պապը դրանք մարսեց, իսկ իր հայրն արժանացավ ՍԴ դատավորի պաշտոնին և հետևաբար իր որդին էլ հանգիստ կմարսի իր գործելիք հանցանքները և դեռ մի բան էլ հնարավորություն կստանա դրանք սրբագրելու Սահմանադրական դատարանում։

Ինչ վերաբերում է մրցութային կամ խորհրդակցական ընթացակարգ պահանջած ՀԿ-ներին, Իրավունքի Եվրոպան այսօր էլ գտնում ու գտնելու է, որ որևէ պետական մարմին առավել ևս նոր Հայաստանում չպետք է գրպանից հանի թեկնածու և դեմ տա մեր հանրությանը, ինչի մասին և խոսել եմ iravaban.net-ի հետ դեռևս մեկ շաբաթ առաջ, որի հղումն էլ տեղադրում եմ ստորև:

Առողջ եղեք ու շատ մտածեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել