«ARARAT» բառը չի՞ հանդիսանում ինքնուրույն պահպանության օբյեկտ

«Սիլ Կոնցեռն» ՍՊ Ընկերությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության` 11.10.2011թ. «Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին» որոշումները վերացնելու և բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

«ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊ Ընկերությունը 30.05.2011թ. Գործակալությանն է ներկայացրել թիվ 20110673 և 20110674 հայտերը՝ խնդրելով հայտերում ներառված նշանները գրանցել որպես ապրանքային նշան։ 11.10.2011թ. Գործակալությունը կայացրել է «Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին» որոշումներ։ Որպես իրավական հիմք, Որոշումներում վկայակոչվել են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին« 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը և «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու ներկայացնելու և քննարկելու կարգի» 106.1ա կետը, իսկ որպես փաստական հիմք նշվել է այն, որ հայտարկված նիշը ենթակա չէ գրանցման ՀՀ-ում նույնատիպ ապրանքների համար գրանցման հիման վրա պահպանվող, շփոթելու աստիճան նման «ARARAT» («Արարատ գրուպ» ՍՊԸ) ավելի վաղ ապրանքային նշանների առկայաթյան պատճառով։

Հայցվորի դիրքորոշմամբ՝ Ընկերության կողմից ներկայացված Ապրանքային նշանները և «Արարատ գրուպ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված ապրանքային նշանն էապես տարբերվում են միմյանցից, Ընկերության կողմից ներկայացված Ապրանքային նշաններից ավելի քան ակնհայտ ու պարզորոշ հետևում է, որ այն մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի՝ («SIL GROUP» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության) կողմից արտադրվող արտադրանքի մակնշումն է, ուստի և Ապրանքային նշաններում մակնշվող ապրանքների նույնականությունը հանրության մոտ ոչ միայն չի կարող շփոթություն առաջացնելու վտանգ պարունակել,« այլ նաև հստակ տարբերակում է այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքներից։

Այսպես՝ Ընկերությունը թիվ 20110673 հայտով Գործակալությանն է ներկայացրել գրանցման պիտակ, որի մակերևույթը մուգ կապույտ է, պիտակի ձախ կողմում հայերեն մեծատառերով գրված է «Արարատ», որի գլխավերևում առկա է սարի պատկեր։ «Արարատ» բառի ներքևում՝ ուղղանկյան մեջ գրված է «AQUA» (ջուր), պիտակի կենտրոնական մասում՝ կարմիր շրջանակի վերևում գրված է «SIL GROUP»։ Պիտակի աջ կողմում նույն պատկերներն են՝ գրառումները կատարված լատինատառ։ Պիտակի վրա կան նաև գրառումներ ապրանքի վերաբերյալ։

Ընկերության կողմից թիվ 20110674 հայտով Գործակալությանը ներկայացված գրանցման պիտակն ունի հետևյալ տեսքը՝ պիտակի մակերևույթը ծածկված է բարակ գծերով, պիտակի ձախ կողմում հայերեն մեծատառերով գրանցված է «Արարատ», որի վերջին տառի կողքին պատկերված է կաթիլի պատկեր՝ մեջը գրված ջուր։ «Արարատ» բառի վերևում առկա է սարի պատկեր։ Պիտակի աջ կողմում նույն պատկերներն են և գրառումները՝ կատարված լատինատառ։ Պիտակի վրա կան նաև գրառումներ ապրանքի վերաբերյալ։ «Արարատ գրուպ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված ապրանքային նշանը պահպանվում է նարնջագույն, բաց կապույտ և սպիտակ գունային համակցության մեջ։ Նշանում ուղղահայաց տեսքով առկա է «ARARAT» բառը, որի ներքևում՝ կրկին ուղղահայաց, սարի ամբողջական պատկեր է, պատկերի տակն առկա է գրառում։

Սույն գործի քննության ընթացքում Դատարանի այն հարցին, թե վիճարկվող որոշումներում վկայակոչված «շփոթության աստիճան նման» արտահայտության տակ Գործակալությունն ինչ է նկատի ունեցել, և հայտարկվող ապրանքային նշաններում հատկապես որ տարրի, բառի և պատկերի առկայությունն է շփոթության աստիճան նմանեցնում ավելի վաղ գրանցված ապրանքային նշանին, պատասխանողի ներկայացուցիչ Արա Աբգարյանը պատասխանել է, որ հայտարկվող ապրանքային նշաններում նմանությունն ասելով իրենք նկատի են ունենում ապրանքային նշանում օգտագործվող «ARARAT» բառը /տարրը/ և հայտերի գրանցումների մերժումները պայմանավորված են միայն այդ բառի առկայությամբ։

Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից հայտարկված ապրանքային նշաններում առկա «ARARAT» տարրը չի հանդիսանում ինքնուրույն պահպանության օբյեկտ, հետևաբար, հայցվորի կողմից հայտարկված ապրանքային նշանները ենթակա են գրանցման:

Դատարանը վճռեց «Սիլ Կոնցեռն» ՍՊ Ընկերության հայց բավարարել ամբողջությամբ: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և Արարատ գրուպ ՍՊԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքները մերժել և վճիռը թողնել անփոփոխ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել