Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսության միջոցով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես մտահոգությամբ եմ հետևում Կովկասի տարածաշրջանում զինված լարվածությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված իրավիճակի սրմանը», – ասել է նա ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստացել է աղոթել բախումների արդյունքում զոհվածների ընտանիքների համար և հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «երկխոսության և կողմերի բարի կամքի միջոցով կարելի է հասնել խաղաղ լուծման՝ ի շահ այս սիրելի ժողովուրդների»:
Նշենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Լարվածությունը սահմանին պահպանվել է մի քանի օր։
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Սահմանագոտու առանձին հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և շուրջ 70 կրակոց արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով և պատրաստ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները։