«Արաբկիրի ավտոսիրողները» պետբնուջե կմուծեն ավելի քան կես միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Արաբկիրի ավտոսիրողներ» հասարակական կազմակերպության «Արաբկիրի ավտոսիրող» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին։ Հայցվոր կողմը, դիմելով դատարան, հայտնել է, որ Արաբկիրի ավտոսիրողների հասարակական կազմակերպության «Արաբկիրի ավտոսիրող» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտ և ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող։ Պատասխանողը օրենքով սահմանված ժամկետներում չի կատարել պետական բյուջեի հանդեպ պարտավորությունները, որի հետևանքով ժամանակին չվճարված պարտքի գումարը կազմում է՝ 562.795 դրամ։ Նշված պարտավորությունները առաջացել են եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, այդ թվում եկամտահարկի գծով պարտավորությունը կազմում է 4572 դրամ, որից ապառք՝ 2800, տույժ՝ 1772 դրամ, սոց. վճարի գծով` 558.223 դրամ, որից ապառք` 327.300 դրամ, տույժ` 230.923 դրամ։

Պատասխանողի ներկայացմամբ՝ 01.11.2007թ. ՀՀ ԿԳՆ թիվ 948-Ա/Ք հրամանի համաձայն մերժվել է ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու հայտը։ Քանի որ ընկերությունը համաձայն սույն հրամանի զրկված է եղել որևէ գործունեություն իրականացնելու իրավունքից, վերջինս դիմել է Արաբկիրի հարկային տեսչություն՝ խնդրելով դադարեցնել ՍՊԸ-ի գործունեությունը։ Արաբկիրի հարկային տեսչության կողմից մերժել է ընկերության գործունեությունը դադարեցնելու դիմումը` պատճառաբանելով, որ համաձայն գործող օրենսդրության ՍՊԸ-ն պարտավոր է ունենալ գոնե մեկ աշխատող և այդ աշխատողի գծով կատարել սոցիալական վճարումներ։

Հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության կողմից օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հաշվարկվել են պատասխանող ընկերության չկատարած հարկային պարտավորությունները՝ հիմք ընդունելով պատասխանողի կողմից տեսչություն ներկայացրած համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները։

Դատարանը վճռեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցն ընդդեմ Արաբկիրի ավտոսիրողների հասարակական կազմակերպության «Արաբկիրի ավտոսիրող» ՍՊԸ-ի` 562.795 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել