Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը:
Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»: