Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատական պրակտիկայի բարելավման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից: Այս մասին հայտնում են դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ առանձին դեպքերում անձանց՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, պնդումները անհապաղ ՀՀ ՀՔԾ քննարկման չուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ հետագայում նման գործերի քննության ընթացքում խոչընդոտվում է քննության օպերատիվության, բազմակողմանիության, արդյունավետության ապահովումը:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով 2020թ. հունվարի 8-ին հարուցված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունց պարզվել է, որ այլ քրեական գործով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը իր լիազորություններն իրականացնելիս, հայտնաբերելով ենթադրյալ հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ, մասնավորապես՝ ունենալով դատական նիստի ժամանակ մեղադրյալի և նրա պաշտպանի կողմից արված՝ մեղադրյալի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությունները, այդ ուղղությամբ շուրջ չորս ամսվա ընթացքում պատշաճ միջոցներ չի ձեռնարկել:
Տվյալ դեպքում հանցագործության հետքերի և ապացույցների կորստից հնարավոր է եղել խուսափել միայն ձերբակալելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում անձին բուժզննության ենթարկելու, շտապօգնության բրիգադներ կանչելու և նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ստանալու արդյունքում: Այսինքն՝ անձի չձերբակալվելու դեպքում վերջինիս առողջական վիճակի և մարմնական վնասվածքներ ունենալու կամ չունենալու վերաբերյալ դեպքից ամիսներ անց եզրահանգում անելու որևէ հիմք չէր լինեու:
Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները և այլևս հնարավոր չի լինում նրանց անջատ և օպերատիվ հարցաքննել: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները նման դեպքերում հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։ Արդյունքում՝ հարցականի տակ է դրվում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու հնարավորությունը, վտանգվում է նման դեպքերով արագ և մանրամասն քննության՝ Եվրոպական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած բազմաթիվ որոշումներում արտահայտված արդյունավետության չափանիշի կենսագործումը:
Այդ չափանշներից են իրավասու մարմինների կողմից պատշաճ արագությամբ գործելը, գործով ապացույցներն ապահովելու համար մանրամասն քննություն կատարելը, քննությանը տուժողի արդյունավետ ներգրավվածությունն ապահովելը և այլն:
Ելնելով այս չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով:
ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար։