Աղետի գոտու հերթական ընտանիքը դո՞ւրս է մնացել բնակարան ստացողների ցուցակից

Վրեժ Հաջյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի, երկրորդ պատասխանող ՀՀ քաղաքաշինության նախարարության, երրորդ անձ Լոռու մարզպետարանի, Սպիտակի քաղաքապետարանի` «Որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու» պահանջի մասին և հայտնել, որ ՀՀ կառավարության 2009թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանվել է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով պետական աջակցությամբ կառուցված բնակելի տների բաշխման ու հատկացման աշխատանքները կազմակերպում է ՀՀ քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով։ Հիշյալ հանձնաժողովի 21.10.2010թ. գրությունից տեղեկացել է, որ 2010 թվականին իրականացված պետական բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակից իր ընտանիքը առանց օրինական հիմքերի հանվել է, ինչը պատճառաբանվել է նրանով, որ իր բնակարանային պայմանները իբր արհեստականորեն վատթարացվել են։

Մինչև 1988թ. Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը իր ընտանիքը բնակվել է Սպիտակ քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքում հատկացված չորս սենյականոց բնակարանում։ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հիշյալ բնակարանը փլվել է, իր երեք հոգուց բաղկացած ընտանիքը համարվել է անօթևան և ընդգրկված են եղել արտահերթ բնակարան ստանալու համար անօթևան ընտանիքների հերթացուցակում։ Իր ընտանիքը՝ ինքը, կինը և տղան ժամանակավոր բնակվում են Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 132 կացարանում, և ինքը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան չունի։

Պատասխանողի խոսքով՝ Վրեժ Հաջյանի անվամբ 2003 թվականի մարտի 10-ին 1/4 մասով գրանցվել է համատեղ սեփականության իրավունք ՀՀ Լոռու մարզի Ղուրսալի համայնքում գտնվող բնակելի տան նկատմամբ (ընդհանուր մակերեսը` 359.2քմ)։ 2006 թվականի մարտի 3֊ի N 6578 նվիրատվության պայմանագրի հիման վրա Վ. Հաջյանը օտարել է իր բաժնեմասը և ներկայումս նշված տան նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականություն Վ. Հաջյանի 4 երեխաների` երկրորդ կնոջից տղայի` Ն.Սիմոնյանի և առաջին կնոջից 3 երեխաների՝ Տ.Սիմոնյանի, Ս.Սիմոնյանների, Լ.Հաջյանի անվամբ։

Տվյալ դեպքում հայցվորին հերթացուցակից հանելու մասին Հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սպիտակ քաղաքում կայացած արտագնա նիստի թիվ 20 Արձանագրությամբ ձևակերպված որոշումը հանդիսանում է գործող, իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտ և նշված վարչական ակտի իրավաչափության հարցը հայցվորի կողմից` վիճարկման համապատասխան հայցով, սույն վարչական գործով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ կարգով չի վիճարկվել։

Ուստի դատարանը վճռեց Վրեժ Հաջյանի հայցը մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել