Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) մասնակցի պարտքերի համար պարտատերերի պահանջով նրա բաժնեմասի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում` դատարանի վճռի հիման վրա:
Ընկերության նման մասնակցի բաժնեմասի արժեքը նրա պարտատերերին վճարելու համար ընկերությունն առաջարկում է ընկերության մյուս մասնակիցներին գնել այդ բաժնեմասը:
Եթե ընկերության մասնակիցները մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում բաժնեմասը գնելու իրենց իրավունքից, ապա ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել այդ բաժնեմասը և ընկերության մասնակցի պարտատերերին վճարել բաժնեմասի արժեքը:
Եթե ընկերությունը մեկ ամսվա ընթացքում չի օգտվում ընկերության մասնակցի բաժնեմասը ձեռք բերելու իրավունքից, ապա բաժնեմասի վրա բռնագանձման տարածումն իրականացվում է բաժնեմասը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով:
Բաժնեմասը մեկ ամսվա ընթացքում հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում ընկերության կանոնադրական կապիտալում առանձնացվում է բաժնեմասին համապատասխան գույք` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Ընկերության մասնակցի բաժնեմասը կարող է բռնագրավվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Ընկերության մասնակցի բաժնեմասի բռնագրավումն իրականացվում է վերը սահմանված ընթացակարգով:
Եթե ընկերությանը կամ նրա մասնակիցներին, ընկերության մասնակցի բռնագրավման ենթակա բաժնեմասի արժեքը վերը սահմանված կարգով չի վաճառվում, ապա բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է Հայաստանի Հանրապետությանը:
Ընկերության գույքում մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը կամ բաժնեմասն ամբողջությամբ բռնագրավելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net