Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը և այլն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, մեր նորագույն պատմության աղճատման փորձերի, Սահմանադրության եւ օրենքների ոտնահարման դեմ:
Zoom ձեւաչափով մեկժամյա հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ու անմիջական շփման միջոցով պատասխանել է մի շարք հարցերի` Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնախնդրի, պետության անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, հեռանկարների, աջակիցների հետագա անելիքների ու անձնական հարցերի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է աջակիցներին հետաքրքրող հարցերին առավել մանրամասնորեն անդրադառնալ առաջիկայում` արդեն նախատեսված հարցազրույցի ընթացքում:
Տեխնիկական սահմանափակումների պատճառով հանդիպմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել ոչ բոլորը, ուստի, նախագահը խոստացել է շարունակել հանդիպումներն այս ձեւաչափով:
Ամփոփելով առցանց հանդիպումը՝ նախագահ Քոչարյանը հույս է հայտնել, որ արդեն տեսանելի ապագայում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առկա սահմանափակումների վերացումից անմիջապես հետո, հնարավոր կլինի նաեւ առկա հանդիպումների անցկացումը։ Նա հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել։