Զգում եմ, որ այս անգամ էլ կառողջանամ… քաղաքացին՝ կորոնավիրուսից իր բուժման ընթացքի ու բուժաշխատողներից ստացած տպավորությունների մասին

Քաղաքացի Ասքանազ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է կորոնավիրուսից իր բուժման ընթացքի ու բուժաշխատողներիս ստացած տպավորթյուններով։

«Сovid 19 թագավարակը չշրջանցեց նաև ծերուկիս և, չեմ թաքցնում, ահաբեկված էի, քանզի երկու ինսուլտ էի տարել, դիաբետիկ եմ, արյան գերճնշում ունեմ: Րոպեներ անց լուսացող Երևանի փողոցներով սլացող «Շտապ օգնության» մեքենայում խորհում եմ՝ Չէ, արդեն փրկություն չկա, Գաբրիել հոգեառն ինձ էլ չի ների ու կտանի: Հասնում ենք մայրաքաղաքի արևմուտքում տեղավորված «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որը ժամանակին ծննդատուն էր և, արագ կերպով վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման կենտրոնի:

Արդեն լուսանում էր, բայց այստեղ թե բուժանձնակազմը, թե, ինչպես իրենք են անվանում, մայրապետներն ու բոլոր-բոլորը տիեզերանավից բաց տիեզերք դուրս եկող տիեզերագնացների արտահագուստով ոտքի վրա են ու ընդունում են հիվանդներին: Շատ չանցած ինձ և սենյակակցիս՝ Սամվել Մանուկյանին կաթիլային են միացնում ու ներարկում դեքսամետազոն հրաշք դեղը, արյունը ջրիկացնող սրսկումներն անում, կարգավորում են գլյուկոզայի պարունակությունն արյանս մեջ: Զգում եմ, որ այս անգամ էլ կառողջանամ… Առավոտյան բժիշկների և հատկապես բուժքույրերի թիվը բազմապատկվում է: Վերջիններս հիմնականում բժշկական ուսումնարանների սովորողներ են և,ինչպես իրենց ավագ ընկերները, ուշադիր ու ականջալուր են՝ առանց բացառության, բոլոր հիվանդների նկատմամբ:

Ճիշտ ժամանակին արված ռենտգեն, ՄՌՏ և մյուս հետազոտությունների հիման վրա բժիշկները համապատասխան նշանակումներով բարելավում էին իմ, Գևորգ Ղարագևորգյանի, Կարեն Հովսեփյանի և, բարեբախտաբար, այս հիվանդանոցում հայտնված բոլոր հիվանդների վիճակը: Բաժանմունքի սիրտն ու հոգին ՀՀ ԱՆ թոքաբանության բաժնի ղեկավար, ԲԳԹ Լուսինե Եղիազարյանն է, որին իմ՝ այստեղ գտնվելու 12 օրվա ընթացքում հանգստանալիս չտեսանք: Նրանից աշխատում էին հետ չմնալ բոլոր աշխատողները և նրանց համատեղ ջանքերով բոլորս առողջացած դուրս գրվեցինք՝շնորհակալական ամենաջերմ խոսքերն ասելով ճակատագրի բերումով թագավարակի ճիրաններում հայտնված և նրանից ուժեղ, հզոր բժիշկների մասին:

1988 թվականի դեկտեմբերի 8-ից ես Լենինականում էի / Գյումրի / մասնակցում էի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին և այսպիսի կազմակերպվածություն, ուժերի կենտրոնացում ու հնարավորինս շատ մարդկանց փրկելու ճիգեր միայն այն օրերին եմ տեսել:

Շնորհակալություն, բժիշկներ, դուք հերոսներ եք և մարդկային բարձր հատկանիշներով եք կատարում Հիպոկրատին տված ձեր երդումը: Չնայած խոսքս երկարեց, բայց չեմ կարող շնորհակալական խոսք չասել նաև ինքնամեկուսացման նպատակով ՌԵԺԻՆԵ» հյուրանոցում մի քանի օր անցկացնելուս ուշադրությունն ու սպասարկման բարձր կուլտուրան: Եվ վերջինը. ավելի քան 10000 մարդ այսօր բուժվում է տարբեր բուժհաստատություններում: Բոլորին, առանց բացառության, օրական երեք անգամ բարձրակարգ սնունդ է տրվում:

Ինչպես կատակ սիրող ընկերս ասաց «Էլ գնում ենք տուն, ինչ անենք. տանը ո՞վ մեր նկատմամբ այսքան ուշադիր կլինի…» Իսկ ես մտածում եմ. այսքան անվճար դեղեր հատկացնող, բուժանձնակազմ պահող երկրին որտեղի՞ց այսքան անսպառ միջոցներ: Միով բանիվ, շնորհակալություն առողջապահական համալիրի բոլոր աշխատողներին՝ նախարարից մինչև մայրապետներ: Դուք բոլորդ հերոսներ եք…»։

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/asqanaz.abrahamyan/posts/2971028863026717

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել