«Սիրեկանը» դեռևս մեկ միլիոն դրամ չի վճարի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ընդդեմ «Սիրեկան» ԱԿ-ի նախագահ Սիրեկան Մ.-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սիրեկան Մ.-ի ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ վարչական ակտը վերացնելու պահանջի մասին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է արձակել վճարման կարգադրություն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի 03.04.2012թ.-ի թիվ 011 որոշման հիման վրա Սիրեկան Մ.-ից 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և հայցվորի ներկայացուցիչը, դատարան ներկայացրած հայցադիմումով, հակընդդեմ հայցադիմումի պատասխանով և դատաքննության ժամանակ հայտնել են, որ ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ.-ի մարտի 10-ի 383-Ն որոշմամբ, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության կողմից ներկայացված տեղեկանքով և ի կատարումն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` տեսչություն) պետի` տեսչական գործառույթ իրականացնելու հանձնարարականը` 2012թ.-ի մարտի 20-ի արձանագրությամբ պետական տեսուչը պարզել է, որ լիթորիդային պեմզայի հանքավայրը, որն ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «Գ» ենթակետի (իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ` օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ) համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ (այսուհետ` ԱՎՕ), 29.10.2010թ.-ին գրացված է եղել ՀՀ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, և անցել փորձաքննություն։ 2011թ.-ին Սիրեկան Մ.-ի կողմից հանքավայրում փորձաքննություն չի անցկացվել և այն շահագործվել է խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, 19-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետերի պահանջները, այսինքն` իր կողմից շահագործող ԱՎՕ-ն չի անցկացրել փորձաքննություն` օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

Նշված իրավախախտման վերաբերյալ 2012թ.-ի մարտի 20-ին կազմվել է թիվ 038 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։ Պատասխանողիը ենթարկել է վարչական տույժի` սահմանելով տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` 1.000.000 ՀՀ դրամ։

Դատարանը, լսելով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվորին, կողմերի ներկայացուցիչներին, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ սկզբնական հայցը ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցը` բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` պեմզայի հանքավայրը փորձաքննություն է անցել 29.10.2010թ.-ին, որպիսի փաստը կողմերի կողմից չի վիճարկվել, որպիսի պայմաններում դատարանը գտել է, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման պայմաններում այն ենթակա կլիներ փորձաքննության անցկացման մինչև 30.10.2011թ.-ը, իսկ շահագործումը դադարեցված լինելու դեպքում` մինչև վերագործարկման աշխատանքներն սկսելը։

Վերը նշված վերլուծության լույսի ներքո դատարանն անհիմն է համարել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի այն փաստարկը, որ արտադրական վտանգավոր օբյեկտի աշխատանքների դադարեցումը դեռ չի նշանակում այն չշահագործել։ Իսկ ինչ վերաբերում է արտադրական վտանգավոր օբյեկտի կոնսերվացմանը և դրա վերաբերյալ լիազոր մարմնին տեղեկացնելու պարտականությունները կատարած չլինելու փաստարկներին, ապա դատարանի գնահատմամբ այդ պարտականությունների չկատարումը ևս չի կարող գնահատվել որպես արտադրական վտանգավոր օբյեկտի փաստացի շահագործում, քանի որ կոնսերվացումն իրենից ենթադրում է օբյեկտների երկարատև պահպանությանն ուղղված գործողություններ։

Դատարանի եզրահանգմամբ, վարչական վարույթի ժամանակ խախտման փաստը, մասնավորապես` 30.10.2011թ.-ից հետո օբյեկտի շահագործման փաստը պետք է ապացուցվեր վարչական մարմնի կողմից, մինչդեռ նշված խախտումը կատարված լինելու վերաբերյալ հայցվորի կողմից որևէ ապացույց դատարանին չի ներկայացվել։ Սույն գործով վիճարկվում է տուգանք նշանակելու մասին 03.04.2012թ.-ի թիվ 011 որոշումը, ուստի նշված վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացող հանգամանքների, մասնավորապես՝ Սիրեկան Մ.-ի կողմից իրավախախտում կատարված լինելու փաստի ապացուցման պարտականությունը, դատաքննության ընթացքում կրում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, մինչդեռ վերջինս խախտման փաստը դատաքննությամբ չի հիմնավորվել։

Ուստի դատարանը վճռեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայցը՝ Սիրեկան Մ.-ից 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության 03.04.2012թ.-ի թիվ 011 որոշումը։

Ներկայումս սույն գործի քննությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վերաքննիչ բողոքի հիման վրա, շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել