Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու և այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը՝ առաջացել է անհրաժեշտություն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացում կատարելու: Այս մասին նշվում է Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացրած կառավարության որոշման նախագծում։
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 3 հավելվածի՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները:
Ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց հնարավորություն ընձեռել հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով՝ ներկայացնելով նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ հնարավորություն կտրվի աշխատանք փնտրող անձանց հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով՝ ներկայացնելով նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները: