ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղելու ժամանակ ասաց, որ այն գործարարները, որոնք մոտ են կանգնած իշխանություններին, նրանց պատկանող սուպերմարկետներում Աննա Հակոբյանին պատկանող «City of smile» հիմնադրամի դրամահավաքի արկղեր են տեղադրված։
Նա մասնավորապես ասաց.
«2017թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապված մամուլում լուրեր էին շրջանառվում,որ այս կամ այն պատգամավորը իրեն պատկանող հիմնարկությունների աշխակիցներին կաշառք է բաժանում։ Դրանց հետ կապված անգամ ձայնագրություններ կան։ Սակայն, դրանց շուրջ որևէ զարգացում, որևէ քրեական գործ մինչ օրս չի հարուցվել։
Ես իհարկե հասկանում եմ, թե ինչու։ Որովհետեւ այսօր մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում պարզապես տեղադրված են Աննա Հակոբյանի «City of smile» ծրագրի դրամահավաքի համար նախատեսված արկղերը։
Նշենք, որ վերոհիշյալ հիմնադրամը զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացով։
Այս հայտարարության հետ կապված ֆեյսբուքյան գրառում է կատարել Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։
Նա գրել է.
«Ձեռքներդ հեռու պահեք քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներով զբաղվող հիմնադրամից: «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» անունն արտաբերելուց առաջ, խոր մտածեք, թե ում եք վնասում! Քաղցկեղով հիվանդ երեխաների՞ն։ Այն անգնահատելի աշխատանքը, որ արել և անում է հիմնադրամը, և այն հաշվետու և թափանցիկ աշխատելաոճը, որ հիմնադրամը որդեգրել է, որևէ մեկին բարոյական իրավունք չի տալիս հոլովել այդ անունը!»։