Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Դատարանի բակում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները։
Ոստիկանները թույլ չտվեցին լրագրողներին մոտանալ ԲՀԿ առաջնորդին՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը որոշում ընդունեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից։ Պատգամավորները նաև Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեցին։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: