Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը․ Ալինա Նիկողոսյան

Հայաստանում արդեն 2-րդ երեխայի մոտ արձանագրվել է Կավասակիի սինդրոմ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Երեխան 9 տարեկան է։ Վիճակը սկզբում եղել է ծանր, դեղամիջոցների միջամտությամբ վիճակը կայունացել է։ Արդեն կա կլինիկական բարելավում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ առաջին դեպքը գրանցվել է 4 տարեկան երեխային մոտ։

Կավասակիի հիվանդությունը հայտնի է նաև որպես մաշկի, լորձաթաղանթների, ավշագեղձերի հիվանդություն, արյունատար անոթների բորբոքային հիվանդություն։ Հիմնական ախտանիշներն են՝ տենդ, որը տևում է ավելի քան 5 օր և չի պատասխանում սովորական դեղորայքին, պարանոցային մեծացած ավշային հանգույցներ, ցան սեռական օրգանների հատվածում, կարմրած աչքեր, շրթունքներ, ափեր և ոտնաթաթեր։ Այլ ախտանիշներն են՝ ցավոտ կոկորդ և լուծ։ Ախտանիշների սկզբից 3 շաբաթ հետո հնարավոր է ոտնաթաթերի և ափերի մաշկի թեփոտում։ Այնուհետև տեղի է ունենում վերականգնումը։ Որոշ երեխաների օրգանիզմում 1-2 տարի անց կարող է առաջանալ բարդացում՝ սրտի պսակաձև զարկերակների անևրիզմա։

Պատճառն անհայտ է։ Կարող է լինել ինֆեկցիոն տրիգերի հանդեպ գենետիկորեն նախատրամադրված աուտոիմուն պատասխանը։ Հիվանդությունը վարակիչ չէ։ Ախտորոշումը հիմնվում է կլինիկական նշանների և ախտանիշների վրա։ Այլ ախտորոշիչ թեստեր, ինչպես սրտի ՈՒՁՀ-ն և արյան հետազոտությունները կարող են լինել օգտակար։ Այլ հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել համանման ձևով, քութեշն է և յուվենիլ (մանկական) ռևմատոիդ արթրիտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել