Հավաքի իրազեկման ժամկետը և կարգը

Ինչպես արդեն նշվեց, հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին (ՏԻՄ), բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։

Այժմ նշենք, թե իրազեկումն երբ պետք է ներկայացնել և ինչ տեղեկություններ պետք է այն պարունակի:

Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ:

Իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով։

Իրազեկման մեջ պետք է նշվեն`
1) հավաքի վայրը,
2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,
3) հավաքի նպատակը,
4) մասնակիցների սպասվող թիվը,
5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն),
6) կարգադրիչների նախատեսվող թիվը,
7) երթի դեպքում՝ երթի ուղին և ժամանակացույցը,

8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են` նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն։

Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը։

Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաև իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:

Կազմակերպիչը պարտավոր է վերը նշված տվյալներում փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին։ Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել