Վարձավճարը չվճարելու պատճառով վարձակալության պայմանագիրը լուծվեց

Սուրեն Մկրտչյանը հանդիսանում է Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 70/4 հասցեի անշարժ գույքի սեփականատերը:

Համաձայն Սուրեն Մկրտչյանի (այսուհետ վարձատու) և ՙՖրեդեքս Սերվիսիզ՚ ՓԲԸ-ի (այսուհետ վարձակալ) միջև 11.11.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրի` վարձատու Սուրեն Մկրտչյանը վարձակալ ՙՖրեդեքս Սերվիսիզ՚ ՓԲԸ-ի ժամանակավոր օգտագործմանն ու տիրապետման է հանձնել Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի 70/4 հասցեի անշարժ գույքը:

Պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում և գրանցվել է սեղանամատյանում թիվ 6012 համարի տակ:

Վարձակալության պայմանագրից բխող ՙՖրեդեքս Սերվիսիզ՚ ՓԲԸ-ի օգտագործման իրավունքը գրանցվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և նրան տրվել է թիվ 2580266 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Պատասխանողի կողմից չի վճարվել 2012 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների վարձավճարը և չի վճարվել նաև նրա կողմից օգտագործած գազի դիմաց առաջացած վարձավճարը 70 702 ՀՀ դրամի չափով: /Հիմք հայցվորի ցուցմունքը և պատասխանողի կողմից նշված փաստերի վերաբերյալ առարկություն չներկայացնելը/:
Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է վաղաժամկետ լուծել իր և պատասխանող ՙՖրեդեքս Սերվիսիզ՚ ՓԲԸ-ի միջև կնքված թիվ 6012 վարձակալության պայմանագիրը ՙՖրեդեքս Սերվիսիզ՚ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 324, 916 ՀՀ դրամ, որից 240 000 ՀՀ դրամը` որպես հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների վարձավճար, 70 702 ՀՀ դրամը` որպես սպառված գազի վարձավճարի գումար և 14 214 ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար, վտարել պատասխանող ՙՖրեդեքս Սերվիսիզ՚ փակ բաժնետիրական ընկերությանը Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 70/4 հասցեի անշարժ գույքից` առևտրի սրահից, ամսական 80 000 դրամ վարձավճարի հաշվարկը շարունակել մինչև պատասխանողի կողմից տարածքն ազատելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622 հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը:

Համաձայն կողմերի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի 2.4.1. կետի` վարձակալը պարտավոր է ժամանակին և պայմանագրով սահմանված կարգով մուծել գույքն օգտագործելու համար վարձավճարը, ինչպես նաև էլեկտրոէներգիա, հեռախոսի, գազի և սպասարկման անվտանգության վարձերը:
Իսկ պայմանագրերի 4.1. կետի համաձայն` անշարժ գույքի համար վարձավճարի չափը ամսական կազմում է 80.000 ՀՀ դրամ, որը վարձակալը պարտավորվում է վճարել յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը:

Պայմանագրերի 2.1.2.ենթակետի համաձայն` վարձատուն իրավունք ունի վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների խախտման դեպքում նրանից պահանջել վաղժամկետ լուծել պայմանագիրը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ մասի` պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված՝ պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս։

Գործի քննությամբ հիմնավորվեց, որ ՙՖրեդեքս Սերվիսիզ՚ ՓԲԸ-ի կողմից թույլ է տրվել վերը նշված պայմանագրի էական խախտում` ժամանակին չի վճարվել վարձավճարների գումարները և սպառված գազի դիմաց վարձավճարները, որը հիմք պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել