Հարևանի ինքնաշեն փայտյա շինությունը և դրան կից տեղադրված մետաղյա բաքը կքանդվեն

Վահան Մարտիրոսյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Աշոտ և Կարինե Խաչատրյանների՝ հայտնելով, որ 04.06.2006թ, կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գնել է Երևան քաղաքի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 28 հասցեում գտնվող բնակելի տունը 252քմ. տնամերձ հողամասով։

Նշված անշարժ գույքը գնելու ժամանակ հայտնաբերել է, որ տնամերձ հողամասի կողմի ցանկապատին կից` դեպի բակ տանող մուտքի դռան ձախ կողմում, առկա է փայտյա շինություն, իսկ դրան կից՝ մետաղյա բաք։ Նշված շինությունն այնպես է կառուցված, որ հայցվորի հողամասի ցանկապատը որպես պատ է ծառայում դրա համար։ Պարզել է նաև, որ նշված շինությունները պատկանում են իր հարևանությամբ՝ Երևան քաղաքի Սևանի փողոցի 2-րդ նրբ. 27 տան բնակիչներին՝ Աշոտ և Կարինե Խաչատրյաններին։

Չնայած բազմաթիվ խնդրանքների՝ պատասխանողներն որևէ գործողություն չեն կատարում իրենց կողմից կառուցված ապօրինի շինություններն ապամոնտաժելու և հայցվորին սեփականության իրավունքով պատկանող տարածքից տեղահանելու ուղղությամբ, ինչի արդյունքում հայցվորը զրկված է իր տան բակի ցանկապատը վերանորոգելու, տեսքի բերելու և ընդհանրապես իրեն պատկանող անշարժ գույքը իր հայեցողությամբ տիրապետելու և տնօրինելու հնարավորթությունից։

Նշենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում« թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ։

Սույն գործով դատարանը արձանագրել է, որ Աշոտ Խաչատրյանը և Կարինե Դերմիշյանի կողմից կառուցված և նրա կողմից օգտագործվող շինություններն տեղադրված են հայցվոր Վահան Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասի կողմի ցանկապատին կից` դեպի բակ տանող մուտքի դռան ձախ կողմում, որպես գույքային միավորներ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում գրանցված չեն, այսինքն ինքնակամ կառույցներ են և դրանց առկայությունը Վահան Մարտիրոսյանին զրկում է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից, ուստի դատարանը գտել է, որ ներկայացված հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել