Ապրիլի 14-ին, N 550 Լ որոշմամբ, կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որի նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց։
Այս միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է․
- բնական գազի սպառման գծով՝ 10 001 – 30 000 դրամ,
- էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001 – 10 000 դրամ ներառյալ։
Աջակցությունը տրամադրվում է նշված բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար գազի և էներգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով։
Ընդհանուր գումարը փոխանցվում է գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակչի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում ձևակերպվում որպես կանխավճար։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին էլ կառավարությունն ընդունել է նմանատիպ 11-րդ միջոցառումը, որի համաձայն շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
- բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
- էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:
Որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին Միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: