Մանրամասներ՝ գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար կառավարության կողմից կատարվող վճարումների մասին

Ապրիլի 14-ին, N 550 Լ որոշմամբ, կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որի նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց։

Այս միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է․

  • բնական գազի սպառման գծով՝ 10 001 – 30 000 դրամ,
  • էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001 – 10 000 դրամ ներառյալ։

Աջակցությունը տրամադրվում է նշված բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար գազի և էներգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով։

Ընդհանուր գումարը փոխանցվում է գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակչի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում ձևակերպվում որպես կանխավճար։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին էլ կառավարությունն ընդունել է նմանատիպ 11-րդ միջոցառումը, որի համաձայն շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝

  • բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
  • էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին Միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել