Մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից խոշոր գումար է ստացել. ՔԿ

ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարի մի մասը` մոտ 6,800,000 դրամ: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ քննչական գործողություններ են իրականացվել ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով։

Արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից մոտ 6,800,000 դրամ գումար:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

2017-ին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Ամիրյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հարուցված քրգործին, չի ընդունել մեղադրանքը՝ նշելով, թե «չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել»։

«Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։ Ո՞վ է ինձ գումար տվել, այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։ Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։

Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա, թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր «բացահայտում» եք ավելացնում։ Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող»,- ասվում է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել