15 տարի հետո գերեզմաններում կարելի է կրկին հուղարկավորություն կատարել․ սանիտարահամաճարակային անվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և փակման

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:

Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Դիակիզումը կարող է իրականացվել նաև մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ:

Հաշվի առնելով հասարակության և պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:

Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի` հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ նման կամքի բացակայության դեպքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի կենդանության օրոք նրա հաշվառման բնակավայրի համար նախատեսված գերեզմանատանը:

Այդ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը:

Հուղարկավորությունը կարող է կատարվել մասնավոր գերեզմանատանը մահացածի ցանկությամբ կամ նրա հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ:

Օրենքի 23-րդ հոսվածի համաձայն՝ հուղարկավորությունների համար սանիտարահամաճարակային անվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և փակման:

Փակված գերեզմանատներում վրահուղարկավորումներ կատարելն արգելվում է:

Սանիտարահամաճարակային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և տեղափոխման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:

Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

Նոր գերեզմանների կազմակերպման համար ազատ հողատարածքների բացակայության դեպքում գերեզմանատները ենթակա են մասնակի փակման:

Մասնակի փակված գերեզմանատներում թույլատրվում է կատարել հուղարկավորություն միայն այն գերեզմաններում, որտեղ գերեզմանի համար կան ազատ տարածքներ, կամ վերջին հուղարկավորությունը կատարվել է 15 տարի առաջ:

Գերեզմանատների մասնակի փակման մասին որոշումները ընդունում են համապատասխան համայնքի ղեկավարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել