Վիրավորում ստացած երկու զինծառայողները այժմ տեղափոխվում են Երևան

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը. «Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել