«Հարգելի՛ քաղաքացիներ
Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակից եւ մեր մտահոգությունից, հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարեւորելով յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը, լուրջ մոտեցումը, պատասխանատվությունը՝ խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում։
Մեր բոլոր քաղաքացիներին՝
զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։
Հատկապես ուշադիր լինել ու սահմանափակել երեխաների ու 60 տարեկանն անց եւ խրոնիկ հիվանդություներով անձանց շփումները։
Տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սեփական անվտանգության, հիգիենիկ, ախտահանիչ միջոցառումների իրականացումը ։
Սուր շնչառական վարակների նշանների դեպքում (չոր կտրուկ հազ, 37 աստիճանից բարձր ջերմություն, շնչահեղձություն) ինքնամեկուսանալ ու չզբաղվել ինքնաբուժությամբ, անհապաղ հեռախոսով կապվել ձեր ընտանեկան բժշկի կամ տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ՝ բուժման հետագա գործողությունները կազմակերպելու համար։
Չայցեցել նաեւ ոչ պարենային խանութներ, հանրային սպասարկման օբյեկտներ (գեղեցկության սրահներ, արհեստանոցներ եւ այլն։
Հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչներին տեղեկացնում ենք, որ բոլոր համայնքներում ստեղծված են մոբիլ խմբեր, որոնցում ընդգրկված են նաեւ ձեր վարչական ղեկավարներն ու գյուղական բուժաշխատողները, եւ ինչ-ինչ հարցերի կամ խնդիրների դեպքում անմիջապես դիմեք նրանց։
Հանրային տրանսպորտային միջոցներ շահագործող անհատներին եւ ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպություններին՝ ապահովել շահագործվող տրանսպորտային միջոցների ընթացիկ ախտահանումը երթի սկզբում եւ վերջում ու համալիր ամբողջական ախտահանումը՝ աշխատանքային օրվա ավարտից հետո։ Ապահովել վարորդներին ախտահանիչ եւ անհրաժեշտ այլ պարագաներով, վերահսկել նրանց կողմից անվտանգության կանոններին հետեւելը։
Իսկ բնակիչներին կոչ ենք անում՝ տրանսպորտային հանրային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։
Հանրային սննդի օբյեկտներին (ռեստորաններ, սրճարաններ, արագ սննդի կետեր, ժամանցի այլ վայրեր)՝ զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց, իսկ անհնարինության դեպքում՝ ապահովել ախտահանման բոլոր միջոցառումները, աշխատակիցների՝ հիգիենիկ կանոններին հետեւելը, սննդամթերքի անվտանգության նորմերը։
Մանրածախ առեւտրային օբյեկտներին (խանութներ, սուպերմարկետներ, առեւտրի կետեր)՝ պարբերաբար ախտահանել բոլոր կոշտ մակերեսները, ապահովել խանութներում աշխատակիցների անվտանգ վարքը, նրանց շնչադիմակով եւ ձեռնոցներով լինելը, հնարավորինս կազմակերպել նաեւ ելումուտ անող հաճախորդների հանդեպ ախտահանող միջոցառումների կիրառումը։
Բոլոր գործատուներին՝ հնարավորության դեպքում 60 տարեկանն անց ու խրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար եղանակով՝ տնից, բացառել սուր շնչառական վարակներով աշխատակիցների ներկայությունը։ Հիմնարկներում աշխատակիցներին ապահովել ախտահանիչ նյութերով եւ անվտանգության համար ահրաժեշտ այլ պարագաներով։ Մշտապես կատարել կոշտ մակերեսների ախտահանում։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք որ մարզի բժշկական կենտրոններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով եւ ապահովված ենբ բոլոր անհրաժեշտ միջոցներով՝ բնակչության բուժսպասարկումն իրականացնելու հարմար։
Հորդորում են նաեւ հետեւել ԲԿ-ներում հիվանդատեսության արգելքին ե՛ւ ձեր, ե՛ւ հարազատների անվտագության համար։ Հայտնում ենք, որ հիվանդանոցներում ստեղծված են սննդի ընդունման համար սանիտարական կետեր, ու հիվանդներին սնունդը փոխանցեք միայն այդ տաբերակով։
Լինե՛նք զգոն ու պատասխանատու՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրիս այս կանոններին հետեւելուց է կախված հիմնախնդրի հաղթահարման հաջողությունը։
Եվ վերջում՝ եւս մեկ անգամ կոչ ենք անում հետեւել ու տարածել բացառապես պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը, չկատարել չստուգված փաստերով գրառումներ ու անհարկի խուճապ չառաջացնել»-նշված է Սյունիքի մարզպետարանի հայտարարության մեջ։