Հարկադիր աշխատանքի են ենթարկվում 21 միլիոն մարդ

Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` ներկայումս աշխարհում հարկադիր աշխատանքի են ենթարկվում 21 միլիոն մարդ` տղամարդիկ, կանայք և երեխաներ: Նրանք ստիպված են աշխատել իրենց կամքին հակառակ, սեռական շահագործման նպատակով դառնում են մարդկանց առևտրի զոհ կամ նույնիսկ ստրուկ են ծնվել:

Սույն թվականի փետրվարի 11-15-ը Ժնևում գտնվող Աշխատանքի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակում կայացած խորհրդակցության մասնակիցները քննարկել են հարկադիր աշխատանքն արգելող կոնվենցիաները համալրելու նպատակով համապատասխան նորմեր մշակելու անհրաժեշտությունը:

Ներկայացնենք Աշխատանքի միջազգային կազմակերպության «2012 թվականին հարկադիր աշխատանքի ծավալների գլոբալ գնահատում» զեկույցում տեղ գտած մի շարք փաստեր և թվային տվյալներ:

– աշխարհում մոտ 21 միլիոն հարկադիր աշխատանքի ենթարկված անձանցից մոտ 11,4 միլիոնը կանայք և աղջիկներ են, իսկ մոտ 9,5 միլիոնը տղամարդիկ և տղաներ,

– հարկադիր աշխատանքի զոհերի ընդհանուր թվի 26%-ը կամ 5,5 միլիոն մարդ անչափահասներ են,

– հարկադիր աշխատանքի մոտ 19 միլիոն զոհ շահագործվում են մասնավոր գործատուների կողմից:

– մոտ 2 միլիոն մարդ աշխատանքի են հարկադրվում պետության կամ տարբեր խմբավորումների կողմից,

– մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից շահագործվողների ընդհանուր թվից մոտ 4,5 միլիոն մարդ սեռական շահագործման զոհ են,

– տնային աշխատանքը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, արտադրությունը և զվարճանքների ոլորտը հիմնականում այն բնագավառներն են, որոնցում ամենաշատն է կիրառվում հարկադիր աշխատանքը,

– միգրանտները և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներն են ավելի խոցելի հարկադիր աշխատանքի առումով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել