Անձնական երաշխավորություն ներկայացրած անձինք կտուգանվեն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախատեսվում է, որ անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորություններն անզգուշությամբ չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝ կպատժվի տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվի՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները դիտավորությամբ չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝ կպատժվի տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախագծով նաև առաջարկվում է անձնական երաշխավորի նկատմամբ սահմանել իմպերատիվ պահանջ առ այն, որ վերջինս պարտավոր կլինի հրաժարվել իր ստանձնած երաշխավորությունից այն պարագայում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորումը կհանգեցնի  երաշխավորի կողմից իր պարտականության կամ պարտականությունների կատարման անհնարինության:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորման պայմաններում երկուստեք կպաշտպանվեն մի կողմից անձնական երաշխավորի շահերը, քանի որ վերջինս զերծ կմնա կասկածյալի կամ մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել