Պետությունը և դեղերի գների կարգավորումը

Տարբեր կարծիքներ կան առ այն, թե արդյո՞ք պետք է պետությունը դերակատարում ունենա դեղամիջոցների գնագոյացման հարցում: Ոմանք համարում են, որ պետությունն այս հարցում անելիք չունի, քանի որ դա դեմ է շուկայական տնտեսության սկզբունքներին: Այդպես են կարծում նաև Հայաստանում և որոշ մասնագետների կարծիքով դրանով է պայմանավորված, որ Հայաստանում դեղամիջոցները, երեխայի խնամքի պարագաները շատ ավելի թանկ արժեն, քան կարող էին իրականում արժենալ և իրենց որակն էլ երբեմն կասկած է հարուցում: Մեր ունեցած տեղեկություններով, որոշ դեպքերում մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան են ներկրվում անհայտ արտադրության էժան դեղամիջոցներ, որոնք այնուհետև վաճառվում են զգալիորեն թանկ գներով:

Այս խնդիրը կարծես թե այլ լուծում է գտել Ուկրաինայում: Այսպես, այդ պետության առողջապահության նախարարի 22.01.2013թ. թիվ 46 հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է առաջարկություններ մշակի դեղամիջոցների և բժշկական նշանակության պարագաների գների կանոնակարգման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ: Աշխատանքային խումբը գլխավորում է Առողջապահության նախարարի տեղակալը: Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ և նրանց արդյունքների վերաբերյալ խմբի ղեկավարը գրավոր տեղեկացնում է Առողջապահության նախարարության ղեկավարությանը: Փաստորեն Ուկրաինայում պետությունը սահմանում է դեղամիջոցների և բժշկական նշանակության պարագաների վաճառքի գների առավելագույն սահմանը և դրանց վաճառքով զբաղվողներն իրավունք չունեն սահմանվածից ավել գներ սահմանել:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել