Հանգուցյալ հոր զենքը գտել է ու ապօրինի պահել իր տանը

Արարատի մարզի Նոր Դվին գյուղի բնակիչ Սեյրան Հապետյանը 2012թ գարնանը իրենց տան հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ գտել է և ապօրինի իր տանը պահել հանգուցյալ հոր` Հապետ Հապետյանի կողմից 1990-ական թթ. ապօրինի ձեռք բերված և պահած մեկական կրակոցներ կատարելու համար նախատեսված ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսավոր հրազեն: Զենքը ոստիկանների կողմից հայտնաբերվել և վերցվել է 2012թ օգոստոսի 16-ի խուզարկությամբ:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասությունների դատարանում, դատաքննությունը սկսելուց առաջ, Սեյրան Հապետյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները:

 

Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

 

Սեյրան Հապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամանակով: Պատիժը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան հիմնարկում:

 

Սեյրան Հապետյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

 

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

 

Բողոքով խնդրում են դատարանին փոփոխել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` Սեյրան Հապետի Հապետյանի /ՀՀ քր.օր. 235 հոդ. 1-ին մասով – ազատազրկում 1 տարի ժամկետով / վերաբերյալ 30.11.2012թ. դատավճիռը և նրա նկատմամբ կիրառել ՀՀ քր.օր-ի 70 հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Գործի քննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել