«Զվարթնոց»-ից «Մարիոթ» հյուրանոց ոչ ավելի, քան 15 կմ է, այսինքն՝ 3000 դրամը բավարար է՝ Երևանի կենտրոն հասնելու համար. տաքսի ընկերություն

Yandex․Taxi-ն արձագանքել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի «Մարիոթ» հյուրանոց գերմանացի ուղևորին 34 000 դրամի կտրոնով ուղեփոխադրման մասին: Ընկերությունն այս մասին գրում է.

«Ինչպես գիտեք, վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մի միջադեպ էր տեղի ունեցել. իբրև պաշտոնական գործընկեր ծառայության վարորդ ներկայացած անձը մոլորեցրել էր «Զվարթնոց» օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց ուղևորված գերմանացի զբոսաշրջիկին՝ նրանից պահանջելով 34 000 դրամ։ Այս մասին ահազանգել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ հրապարակելով նաև այն կտրոնը, որը տրամադրել էր կեղծարար վարորդը։ Ֆեյսբուքյան հրապարակմանն արձագանքեցին նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով հանրությանը, որ օդանավակայանի միակ պաշտոնական գործընկերը Yandex․Taxi-ն է, իսկ կտրոնը, որը տրամադրել է անհայտ վարորդը, կեղծ է։

Yandex.Taxi-ն ու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել են համագործակցել 2019-ի փետրվարից: Ընկերությունը նաև նշում է, որ «Օդակայան» սակագնի դեպքում ուղեվարձը սկսում է 3000 դրամից, որը ներառում է 15 կմ ճանապարհը, այնուհետև յուրաքանչյուր լրացուցիչ կմ-ի համար ավելանում է 100 դրամ։

«Ի դեպ, «Զվարթնոց»-ից «Մարիոթ» հյուրանոց ոչ ավելի, քան 15 կմ է, այսինքն՝ 3000 դրամը բավարար է՝ Երևանի կենտրոն հասնելու համար։ Բայց մի՛ մտահոգվեք, եթե անգամ ավելի հեռու պետք է գնաք․ ուղևորության արժեքը կարող եք իմանալ նախապես, որպեսզի հետո ինչ-ինչ պատճառներով ստիպված չլինեք վճարել ավելին»,-նշվում է հրապարակման մեջ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն էր տարածել, անդրադառնալով 34 հազար դրամ կազմող տաքսու կտրոնին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու«Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» բերելու համար տաքսու վարորդը վերցրել էր 34 հազար դրամ:

Ոստիկանությունից դեպքի մասին հայտնում են, որ հրապարակման հիման վրա ոստիկանության «Զբարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց»օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։

Կտրոնի լուսանկարը՝ Suren Aghasi Manukyan-ի էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել