Խնդրում եմ պատասխանել՝ ինչի՞ համար է այս աղմուկը, 5-րդ անգամ կրկնությա՞ն․ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Ստեփանյան

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ-ում առաջին դասարան են հաճախում մինչ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացած երեխաները: Տարրական դպրոցում սովորում են պարտադիր ու երաշխավորված առարկաներ: Առանցքում են մայրենի լեզուն, մաթեմատիկան: Մինչ 4-րդ դասարան փոքր պատառիկներով ծանոթանում են նաև հայ գրականությանն ու հայոց պատմությանը: Տարրական դպրոցը սովորողներն ավարտում են հայոց լեզվի և մաթեմատիկայի պարտադիր քննությամբ:

Միջին դպրոցի 5-րդ դասարանում որպես պարտադիր առարկա ուսումնասիրում են Հայրենագիտություն, որն ինտեգրված առարկա է՝ միավորելով հայ գրականության, հայոց պատմության, աշխարհագրության բաղադրիչներ: 6-րդ դասարանից սովորողները հայոց պատմություն են ուսումնասիրում՝ ուսպլանով հատկացված ժամաքանակին համապատասխան: Միջին դպրոցն ավարտում են հայոց լեզվի ու հայոց պատմության պարտադիր քննությամբ:

Ավագ դպրոցում սովորողներն ունեն հոսքային դասարաններ ընտրելու իրավունք. հումանիտար, բնագիտական և գյուղական համայնքներում՝ ընդհանուր: Եթե ընտրում են վերջին երկուսը, ապա «Հայոց պատմություն» առարկան ուսանելու հնարավորություն են ունենում, ըստ ուսպլանի, շաբաթական 2 ժամ: Եթե հոսքն հումանիտար է, ապա 10-րդ՝ 3, 11-րդ՝ 5 և 12-ում շաբաթական 8 ժամ պատմություն են անցնում: 12-րդ դասարանն ավարտելուց հետո բոլոր հոսքերում սովորողները պարտադիր քննություն են հանձնում հայոց պատմությունից: Եթե այս ամենին գումարում ենք նաև արտադպրոցական պարապմունքները, ապա միայն 12 տարվա ընթացքում սովորողը հայոց պատմության նույն ծրագիրը՝ թեթև տարբերություններով միջին ու ավագ դպրոցների պարագայում, առնվազն 4 անգամ կրկնում է ողջ ծավալով: Սովորողն ընդունվում է բուհ և նորից ուսումնասիրում է այն կուրսը թե պատմությունից, թե հայոց լեզվից, որը նախորդ 12 տարիների ընթացքում հասցրել էր սովորել ու 2 անգամ քննություն հանձնել:

Ինչպես գիտենք, հանրակրթական ուսհաստատություններում բացի պարտադիր առարկաներից կան նաև երաշխավորված առարկաներ: Դրանց թվին է դասվում, օրինակ, հայկական հարցի պատմությունը, ավագ դպրոցում ՀԵՊ-ը և այլն: Վերջիններս մեծավ մասամբ կրկնում են հայոց պատմության ծրագիրը՝ երբեմն լրացնելով այս կամ այն թեման:

Այժմ, նոր նախագծով, ԿԳՄՍ-ն առաջարկում է որոշ ֆակուլտետներում 3 առարկա ոչ թե ՀԱՆԵԼ, այլ դարձնել ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ: Այսինքն, նախագիծը կարող է նախագիծ էլ մնալ կամ փոփոխության ենթարկվել, լրացվել առաջարկություններով, որ ոչ մի դեպքում ծրագրային նյութի կորուստ կամ բացթողում չունենանք: Խնդրում եմ պատասխանել՝ ինչի համար է այս աղմուկը: 5-րդ անգամ կրկնությա՞ն: Իսկ գուցե լսենք ուսանողներին, ովքեր արդեն տարբեր մեկնաբանություններում ոչ թե խոսում են հայոց լեզվին, հայ գրականությանն ու հայոց պատմությանը դեմ, այլ նախընտում են, որ մասնագիտական առարկաներն ավելի խորությամբ ուսումնասիրելու հնարավորություն ունենան: Ինչն է մեզ խանգարում , օրինակ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հայոց լեզվի համատեքստում ուսումնասիրել ու հմտանալ հանրային խոսք ունենալու, հռետորաբանության արվեստին ծանոթանալու կան քաղաքական տեքստեր գրելու ու մեկնաբանելու մեջ:

Սիրելի ու շատ հարգելի օգտատերեր, եկեք կարդանք ու հասկանանք, շեշտադրումներն ավելի ճիշտ անենք ու ամենակարևորը, չթիրախավորենք որևէ մեկին. սա կարծիքների արտահայտման հարթակ է և բանավեճում է ծնվում ճշմարտությունն ու կարևորը: Բանավեճում, ոչ թե կռվում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել