ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում չդասավանդելու շուրջ թեմային.
«Երկար ստացվեց, բայց ես անձամբ սա կարևորում եմ, ու այս գրառումը իմ շատ մասնավոր և մասնագիտական տեսակետն է:
Սովորաբար հարցազրույցներ տալուց հետո երբեք չեմ հետևում, թե երբ է հրապարակվում, կամ ինչ է գրվում, կամ որքան է գովաբանվում կամ քննադատվում և դրա համար 2 պատճառ ունեմ. հարցազրույցը արած գործի մասին իրազեկման նպատակով եմ տալիս և ոչ թե վարկանիշի, ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չեմ ունենում ընթացքին հետևելու համար [այդ ժամանակը գործի վրա եմ ծախսում], դե մեկ էլ, եթե ռումբ պայթի, դրա մասին գուցե կիմանամ (չնայած մեկ-մեկ դրանցից էլ տեղյակ չեմ լինում, հետո ընկերներս են պատմում:
Հիմա. այսօր իմացա, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ հարցազրույցը նեղացվել է և դարձել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին զրույց, որն էլ հետո այլ տեղերից վերցրել և սորոսաֆոբիայի սոուսով քննադատվել է: Էհ քննադատությունը լավ բան է, եթե դա մոլորության չի տանում, իսկ այստեղ շաաաաատ հստակ է մոլորությունը: Հիմա ամեն ինչի մասին հերթով:
1. Որպես զարգացման ծրագրերի համակարգող, մասնավորապես հանրակրթության չափորոշիչների բարեփոխման ծրագրի, պետք է նշեմ, որ յուրաքանչյուր և ցանկացած փոփոխություն բխում է նպատակից: Եվ ահա, կամայական առարկա հանելը կամ ավելացնելը պետք է քննարկել իր առջև դրված խնդրի լուծման տեսանկյունից: Հիմա, ի՞նչ նպատակ ենք դնում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առջև: Եթե նպատակը Հայ եկեղեցու դերի և կարևորության ընդգծումն է հայ ժողովրդի պատմության, գոյության և զարգացման մեջ, ապա դա լավագույնս, ըստ իս, կարելի է անել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի միջոցով, որտեղ եկեղեցու դերն ու կարևորությունը անհերքելի է: Եթե նպատակը սովորողների արժեքային հենքի ձևավորումն է, ապա դա ոչ թե 1, այլ բոլոր առարկաների նպատակն է: Եվ թույլ տվեք այստեղ հիշել, որ նախորդ կյանքում, 2008թ.-ից փորձագիտական աշխատանք եմ իրականացրել Հայաստանում և այլուր ու կարծես թե մի քիչ պատկերացում ունեմ այն թեմաների մասին, որի ձևի ու բովանդակության շուրջ խոսում ենք:
2. Քննարկումներ իրականացրել ենք ինչպես Մայր Աթոռի և մեր նախարարության համատեղ ենթահանձնախմբի, այնպես էլ առարկան դասավանդող և «Պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների հետ և որևէ որոշում չի կայացվել: Սակայն պետք է արձանագրել, որ նպատակի քննարկում 2 դեպքում էլ ունեցել ենք ու վերևում նշված նպատակներից տարբերվող այլ նպատակ չի բարձրաձայնվել…
3. Վերջապես սորոսաֆոբ հրեշային սոուսի մասին – էն որ եկել է ազգ ու արժեք փչացնելու: Սիրելի´ համաքաղաքացիներ, ուրեմն այդ ահավոր հրեշի օգնությամբ ամռանը 6 դպրոցում 4 շաբաթ տևողությամբ ամառային դպրոց է կազմակերպվել հայերեն և մաթեմատիկա առարկաների համար, որին մասնակցում էին 5 և ցածր կիսամյակային միավոր ստացած 4րդ և 7րդ դասարաններ տեղափոխվող աշակերտները: Հիշեցնեմ` եթե ուսուցիչը կիսամյակը 5 միավորով է փակում, դա նշանակում է աշակերտը լավագույն դեպքում կարող էր 3-4 հավաքել, և 5-ը պարզապես «մեծահոգաբար» է դրվել, իսկ 3րդ և 6րդ դասարաններն ավարտել ու հենասյուն հանդիսացող մայրենի և մաթեմատիկա առարկաներից այդքան ցածր գնահատական ունենալը շատ վատ բանի մասին է խոսում: Ու հիմա ասեք, ո՞րն է ավելի վտանգավոր. այն «ազգադավ» կազմակերպությունը, որ փաստորեն օգնում է 20 տարուց ավել համակարգի աղճատման հետևանքով (ինչ ձևով ասես չենք խոշտանգել մեր հանրակրթական համակարգը վերջին տարիներին) գրագիտության նվազագույն մակարդակ ապահովող ու ուսուցչի ուսերին ծանրացած համակարգը հայերենով ու մաթեմատիկայի ուսուցմամբ առողջացնելու ջանքերին, թե՞ այն ստահոդ ու հրեշացնող հայտարարություններ անող, իշխանությունը կորցրած ու կոռուպցիայի մասին կարոտով երազողները, որ յուրաքանչյուր հայտարարությամբ մեր ազգին վնասում ու փչացնում են:
Հ.Գ. Ես ուզում եմ հավատալ, որ մենք դարերի իմաստություն ունեցող ազգ ենք ոչ միայն մեր սրտում այլև մեր դատողություններում»,- գրել է փոխնախարարը: