Չկա պետական մարմին, որը կարող է ասել` մեղսագրվող գործողությունների առումով Քոչարյանն անձեռնմխելի չէ. Հայկ Ալումյան

Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ասուլիսի ընթացքում ներկայացրեցին, որ որոշման ամբողջ տեքստի հրապարակումից հետո գալիս են հետևության՝ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվել ապօրինաբար:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ՍԴ որոշման մեջ կա  հանգուցային հատված, որով Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել՝ որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:

«Այսինքն, ՍԴ-ն ասում է, որ չկա մարմին և չկա ընթացակարգ, որից կարելի կլինի հետևության գալ, թե պաշտոնաթող նախագահին որևիցե քրեական գործով գործողությունները վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից, թե՝ ոչ։ Չկա պետական  մարմին, որը կարող է ասել` այս մեղսագրվող գործողությունների առումով Քոչարյանն անձեռնմխելի չէ»,-ասաց Ալումյանը:

ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ այսօր Երևան քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված անձ՝ հավելելով, դա ՍԴ որոշման կոպտագույն խախտում է, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և «քրեակատարողական հիմնարկը» միմյանց բացառում են․ «Ռոբերտ Քոչարյանը չէր կարող կալանավորվել, մեղադրանքի որոշում նույնիսկ չէր կարող ներգրավվել»:

Փաստաբանը նշեց, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում դրա համար անհրաժեշտ ընթացակարգային հստակ կառուցակարգերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել