Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստում կներկայացնի Երևանի համայնքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծ, որով նախատեսվում է հանրապետության սեփականությունը հանդիսացող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված, Երևան քաղաքի Քանաքեռ 14 փողոցի 42 շենքի № 22 1 սենյականոց բնակարանը՝ 45.2 քմ մակերեսով և 10 միլիոն 620հազար դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել և նվիրաբերել Երևանի համայնքին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մոր` Նունե Սողոմոնի Հակոբյանի անօթևան ընտանիքին սեփականանության իրավունքով անհատույց տրամադրելու պայմանով:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մայրը` Նունե Սողոմոնի Հակոբյանը բնակվում է վարձակալական հիմունքներով, և վերջինիս անվամբ ՀՀ տարածքում առկա չէ սեփականության իրավունքով բնակելի նշանակության անշարժ գույք: Նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 19.04.2019թ. N 02/11.6/18617-2019 հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Զոհված զինծառայող, շարքային Հ. Մանգասարյանի մայրը` Ն. Հակոբյանն իր երկու երեխաների հետ միասին բնակվում է Երևան քաղաքում` վարձակալական հիմունքներով: Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումի հիման վրա բնակարանային հաշվառման ընդգրկելու հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2018թ. հունվարի 24-ին կայացած նիստում, ինչի արդյունքում Հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները` զոհված զինծառայող Հ. Մանգասարյանի մոր` Նունե Հակոբյանի բնակարանային հաշվառման ընդգրկելու վերաբերյալ ներկայացված դիմումը մերժել է` վերջին 10 տարիների ընթացքում Երևան համայնքում հաշվառում չունենալու հիմքով՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բնակարանային հաշվառման ընդգրկելու հարցը հնարավոր կլինի քննարկել 2021թ. հուլիսի 28-ից հետո: Նշված հանգամանքի պարագայում զոհվածի ընտանիքը հայտնվում է սոցիալական էլ ավելի անբարենպաստ պայմաններում, քանի որ իր երկու երեխաների հետ միասին ստիպված է լինում շարունակել բնակվել վարձակալությամբ:
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է լուծել զոհված զինծառայողի անօթևան ընտանիքի բնակավորման հարցը: