Ռոբերտ Քոչարյանի տնից նկարներ, աթոռ, սեղան, եթե դրանք թանկ լինեն՝ վերցվե՞լ են. դատավորը՝ դատախազին

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Դատավորը դատախազներին հարց ուղղեց այն մասին, թե ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանի տանը խուզարկություն կատարվել. «Խուզարկության նպատակն ինչն էր հանդիսացել, ի՞նչ էր փնտրվում այդ խուզարկությամբ»,-նշեց դատավորը, ի պատասխան որի դատախազը նշեց՝ գործի համար նշանակություն ունեցող նյութեր: Դատավորը նշեց, որ եթե, ըստ միջնորդության, խուզարկությամբ մեղսագրվող հանցագործության հետ կապված փաստեր կամ առարկաներ են փնտրվել, ապա ինչու՞ է խուզարկության ժամանակ առգրավվել նաև 27 հազար դոլար գումարը:

Դատախազը պատասխանցեց, որ քննիչը գումարը վերցրել է այն համատեքստում, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել:

«Ուրիշ ի՞նչ թանկ գույք է վերցվել, բացի այդ 27 հազար դոլարից, օրինակ՝ նկարներ, աթոռ, սեղան, եթե դրանք թանկ լինեն՝ վերցվե՞լ են, որևէ այլ գույք, միգուցե ոսկի.. չէ՞ որ դրանք ևս արգելադրված են»,- հետաքրքրվեց դատավորը:

Դատախազը պատասխանեց, որ այլ բաներ չեն վերցվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել