Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 2-ին, շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:
Նիստին էր ներկայացել վկա Սամվել Ասլանյանը: Վերջինս դատարանում հայտնեց, որ Հայկ Սարգսյանի ընտանիքի հետ միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել:
Գործով դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքները, քանի որ դրանցում էական հակասություններ կան:
«Վկան նախաքննության ընթացքում նշել էր՝ Ալեքսանդր Սարգսյանը իրեն տեղեկացրել էր, որ Դավիթ Սիմոնյանին կրակել և մարմնական վնասվածք է հասցրել Հայկ Սարգսյանը»,-նշեց դատախազը:
Դատարանը թույլ տվեց հրապարակել վկայի նախաքննական ցումունքը:
Դատախազի կողմից հրապարակված ցուցմունքում նշված էր, որ դեպքի օրը Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահը զանգել է վկային և նշել, որ «շեֆը» ուզում է նրան տեսնել:
«Ալեքսանդր Սարգսյանը ինձ հայտնեց, որ Հայկը և Արթուրը զենքով խաղացել են նկուղում, որի ժամանակ զենքը կրակել է Արթուրի մեջքին, նա վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Նշեց, որ նրան հիվանդանոց են տեղափոխել տղաները և ամեն ինչ անում են, որ լավ լինի: Ալեքսանդր Սարգսյանը խնդրեց հանդիպել Արթուր Ղևոնդյանի ընտանիքի անդամների հետ և փոխանցել, որ ամեն ինչ լավ կլինի, նրան տիրություն կանեն: Քանի որ մտերիմ էինք՝ համաձայնեցի և գնացի Արթուր Ղևոնդյանի բնակարան»,-նշված էր վկա Սամվել Ասլանյանի նախաքննական ցուցմունքում. «Հրազենային վիրավորում ստացած տղայի ծնողներին կարողացել եմ հանգստացնել, որից հետո իջել եմ բակ և Ալեքսանդր Սարգսյանին հայտնել, որ կատարել եմ ասածը»:
Նա նշեց, որ ժամը 24-ին նրան զանգել է Ալեքսանդր Սարգսյանի աներձագը, Ավոն, ասել է, որ թյուրիմացություն է եղել և խնդրեց իջնել բակ: Բակում վկան հանդիպել է Ավոյին և Ալեքսանդր Սարգսյանին: Նրանք վկային հայտնել են, որ սխալ են ասել, վնասվածքը ստացել է Դավիթ Սիմոնյանը, ոչ թե Արթուր Ղևոնդյանը: Նրանք Սամվել Ասլանյանին խնդրել են հանգստացնել նաև Դավիթ Սիմոնյանի ընտանիքին:
Այնուհետ վկան հասկացել է, որ վնասվածքը թեթև չի եղել: Վերադառնալով տուն վկան բակում լսել է, որ Ալեքսանդր Սարգսյանի անվտանգության աշխատակիցները բակի բնակիչներին ասում էին, որ Դավիթին կրակել է Արթուրը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: