«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնավարման ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝  նախնական քննության տվյալներով՝  տնօրենն իր որդուն աշխատանքի է ընդունել Արմավիրի մարզի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ որպես խմբավար, սակայն նախապես տեղյակ լինելով վերջինիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին՝ չի արձանագրել այդ փաստը և 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս կազմել, իր ստորագրությամբ և ՀՈԱԿ-ի կլոր կնիքի դրոշմով վավերացրել  է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ դրանում ներառելով որդու և նրա կողմից փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Այնուհետև հիշյալ կեղծ տեղեկագրերը հանձնել է դպրոցի հաշվապահին և հրահանգել բոլոր աշխատողների, այդ թվում նաև՝ որդու անվամբ կատարել աշխատավարձի հաշվարկներ:

Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի հաշվապահը վերը նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար տնօրենի որդու անվամբ կատարել է աշխատավարձի հաշվարկ, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենը 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում որդու անվամբ հաշվարկված ընդհանուրը 7.202.434 ՀՀ դրամ աշխատավարձից փաստացի վճարման ենթակա առանձնապես խոշոր չափի՝  ընդհանուրը 5.392.697 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով` յուրացրել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել