Կառավարությունը կսահմանի պետական մարմիններում 2019 թ.-ի առաջին կիսամյակի համար կատարողականի հիման վրա պարգևատրման իրավական հիմքերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ անել կառավարության որոշման մեջ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն պետական ծառայողներին կիսամյակային կատարողականի և կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրումը տրվում է առաջին կիսամյակի համար մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:

Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 41-րդ կետի համաձայն՝ պետական մարմիններում յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը կատարողականները գնահատում է տվյալ աշխատողի անմիջական ղեկավարը:

Որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի համաձայն՝ աշխատողի աշխատանքի կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է համակարգով անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինից և կարգի 43-րդ կետով ստացված գումարից (անձնային և կառավարչական հմտությունների գնահատում):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս չի հաստատվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը, որով պայմանավորված պետական կառավարման համակարգի մարմիններում չի հաստատվել և «Mulberry» համակարգ չի մուտքագրվել մարմնի աշխատանքային ծրագիրը, դրանով պայմանավորված պետական մարմիններում քաղաքացիական ծառայողների կատարողականը 2019 թվականի հունվար-մայիս ամիսների համար չի գնահատվել:

Նախագծով նախատեսվում է սահմանել պետական մարմիններում 2019 թվականի առաջին կիսամյակի համար պետական ծառայողների կատարողականի հիման վրա պարգևատրման իրավական հիմքերը: Նախագծով առաջարկվում է կարգավորել նաև մեկ կիսամյակի ընթացքում պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին ծառայողի տեղափոխման դեպքում հաշվետվության ներկայացման և գնահատման ընթացակարգը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական մարմիններում ապահովել պետական ծառայողների պարգևատրման պայմաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել