Պարզեցված վարույթով քննվող գործերը շուրջ 30 հազարով կբեռնաթափեն դատարանները. Արտակ Զեյնալյան

Կառավարության նիստին այսօր՝ մայիսի 16-ին, գործադիրը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարել:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ:

Առաջարկվող կարգավորումներն են.

  • բռնագանձման պահանջի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելիս հիմք է ընդունվում հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջի չափը.
  • կարգավորվել է արտարժույթով բռնագանձման վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում այդ պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքությունը որոշելու հարցը.
  • նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը, որպես կանոն, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն.
  • ընդլայնվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ, չի ներկայացրել հակընդդեմ հայց կամ հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.
  • սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.
  • նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն.
  • մանրամասնվել են պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռին ներկայացվող պահանջները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել