Պատգամավորները առաջարկում են մարտական հերթապահության մեջ չընդգրկել այն զինծառայողներին, որոնց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու 1 տարին չի լրացել

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 8-ին կքննարկի պատգամավորներ  Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Էդուարդ Բաբայանի, Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ։

Պատգամավորները առաջարկում են օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 6-րդ կետով և սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել նաև այն զինծառայողը, որի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չի լրացել:

Պատգամավորները հիմնավորման մեջ նշել են, որ ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ և սպառիչ կերպով սահմանված է զինծառայողների ցանկը, որոնք չեն կարող ընդգրկվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ։

Այսպես, նշված ցանկի համաձայն մարտական հերթապահության մեջ չի կարող ներառվել այն զինծառայողը, որը

1) հանդիսանում է 63 տարին լրացած կամ III խմբի հաշմանդամություն ունեցող կամ II խմբի հաշմանդամություն ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը,

2) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր),

3) ամուսնացած է և ունի մեկ երեխա,

4) ծնողները մահացած են,

5) մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:

Այսինքն՝ գործող իրավակարգավորման պարագայում, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ կարող են ընդգրկվել նաև զինվորական ծառայությանը կարճ ժամանակ առաջ զորակոչված և համապատասխան մարտական պատրաստվածություն դեռևս չունեցող, որպես կանոն 18 տարին նոր լրացած, երիտասարդ զինծառայողները։ Կարծում ենք անվիճելի է այն փաստը, որ սահմանը պետք է պահեն առավել բարձր մարտական պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը սահմանի պահպանման հուսալիությունն ապահովելու հետ մեկտեղ կնպաստի նաև մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը։ Ուստի գտնում ենք, որ նշված խնդիրն արդիական է և իր լուծումը պետք է ստանա նաև օրենսդրական մակարդակով։

Պատգամավորները նշում են, որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չլրացած զինծառայողների ներգրավումը մարտական հերթապահության մեջ։ Արդյունքում մարտական հերթապահության մեջ կընդգրկվեն մարտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը կպաստի մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը և կնպաստի սահմանի պահպանման հուսալիության բարձրացմանը։ Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն էլ իր մարտական պատրաստվածությունը բարձրացնելու բավարար ժամանակ և հնարավորություն կունենա՝ հետագայում մարտական առաջադրանքներն էլ ավելի բարձր մակարդակով կատարելու համար։ Նշվածն էլ անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա բանակի մարտունակության ընդհանուր մակարդակի բարձրացման հարցում։

Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել