Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել իր տեղակալը՝ Արսեն Դավթյանը:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում Արսեն Դավթյանի կենսագրությունը:
Նա առողջապահության նախարարի տեղակալ նշանակվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ:
Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 19-ին: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2001 թվականին վերապատրաստում է անցել Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում «Հանրային առողջապահության կառավարում» թեմայով, իսկ 2006-ին` Լեհաստանում «Պետական ծախսերի կառավարում» թեմայով:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1999 թվականից` որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև նույն կառույցում զբաղեցրել է տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, 2000 թվականից նշանակվել է նույն վարչության պետ:
2018 թվականից մինչև առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը Արսեն Դավթյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը:
Աշխատանքային տարիների ընթացքում եղել է միջազգային կազմակերպությունների փորձագետ-խորհրդատու (WB, USAID, WHO):
1996-1997 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ամուսնացած է, ունի 2 որդի և դուստր:
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Արսեն Դավթյանն իրականացնում է`
1) մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքների համակարգումը` ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) մոր և մանկան առողջության պահպանման վարչության միջոցով,
2) զորահավաքային և արտակարգ իրավիճակների նախապատրաստվածության կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի միջոցով:
3) ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայության կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
4) առողջապահական տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության ոլորտի աշխատանքների համակարգումը` նախարարության պետական առողջապահական գործակալության, «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով,
5) առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքների համակարգումը` նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության և պետական առողջապահական գործակալության միջոցով,
6) նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով: