Զվարթնոց օդանավակայանը 12մլն ԱՄՆ դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար: Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:
Մեր օդանավակայանի վազքուղին ունի 3850 մ երկարություն և 56մ լայնություն:
Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ:
Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:
Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:
Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր ”LED”համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:
Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր:
Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00: