Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:
Իրավաբան.net-ը կապ հաստատեց փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ Փաստաբանների պալատն այսօր՝ մարտի 28-ին, նախաքննական որևէ մարմնից փաստաբանի ձերբակալության մասին գրություն չի ստացել:
ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ գործը արդեն հատուկ քննչական ծառայությունում է:
Իրավաբան.net-ի տեղեկություններով կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված դատավորը Գագիկ Հեբոյանն է, ում հանդեպ խափանման միջոց կալանքի մասին որոշում դեռևս չի ընդունվել:
Նա ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։