Սպանության սպառնալիքներ՝ արդարադատության նախարարին

Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ մարտի 19-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պատասխաններ է տվել։

Այդ ամենից հետո Արտակ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Խ. Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել նախարարին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Երեկ մինչև կեսօր Նոյեմբերյանի ոստիկանները որոնել էին Խ. Ա.-ին:

Իրավաբան.net-ը կապ է հաստատել արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի հետ, ով նշված տեղեկությունը հաստատեց: Նա նաև հայտնեց, որ լրատվամիջոցների հրապարկումը անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է:

Նշենք, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել