Ուսումնասիրություններ գազալցակայաններում և բենզալցակայաններում. այս խախտումները կարող են հանդիսանալ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մարզպետարանի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են լայնածավալ ուսումնասիրություններ` Երևան քաղաքի և մարզերի ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված գազալցակայաններում և բենզալցակայաններում առկա հասարակական զուգարաններում` ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ընթացքը պարզելու նպատակով:

Շրջայցերի ընթացքում տնտեսվարողներն իրազեկվել են սանիտարական կանոնների և նորմերի պահանջների մասին: 2019 թվականի փետրվար ամսից` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացված գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, որի շրջանակներում իրականացված զննումների արդյունքում պարզվել է, որ առկա են ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջների խախտումներ:

Խախտումները հիմնականում կրում են ընդհանուր բնույթ և վերաբերում են անհրաժեշտ սարքավորումներով հասարակական զուգարանների ապահովվածությանը և զուգարաններում սանիտարական պատշաճ վիճակի պահպանմանը: Պատշաճ չեն իրականացվում ամենօրյա սանիտարական մաքրումն ու ախտահանումը:

Նշված խախտումները կարող են հանդիսանալ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ: Զննումների արդյունքում արձանագրված վարչական իրավախախտումների հիմքով վարչական տույժի են ենթարկվել մի շարք գազալցակայանների պատասխանատու անձինք և կարգադրագրերով սահմանվել են ժամկետներ` այդ խախտումները վերացնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել