Ոստիկանները բերման են ենթարկել Մաշտոց-Թումանյան խաչմերուկը փակած ցուցարարներից մի քանիսին

Այսօր՝ մարտի 14-ին, օպերայի հարակից տարածքներում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։

Նշված տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել և փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը: Ոստիկանները փորձում են ցուցարարներին հեռացնել ուժով: Արդեն կան բերման ենթարկվածներ: Այս մասին հաղորդում է Իրավաբան.net-ի թղթակիցը՝ դեպքի վայրից: Ոստիակնությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ այս պահին ցույցի մասնակից 4 անձ է բերվել ոստիկանության բաժանմունք:

Երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել:

Այս պահին նշված տարածքների ապամոնտաժումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են Օպերայի հարակից տարածքներն ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը սրճարանների նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել