Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկի վերաբերյալ:
ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» թիվ 1158-Ն որոշման համաձայն` վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անձը պետք է անձամբ ներկայանա ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում, հանձնի որակավորման տեսական և գործնական քննություններ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,
2. տեսական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (3.000 ՀՀ դրամ),
3. գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարների վճարման անդորրագրեր (10.000 և 3.000 ՀՀ դրամ),
4. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
5. վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում,
6. վարորդական վկայականը (նոր կարգերի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու որակավորման քննություններին մասնակցելու, վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում),
7. վարորդական վկայականը ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար):