Օրերս «168 ժամ» կայքը «Տիգրան Ավինյանի կապը «Սեքյուրիթի դրիմ»-ի յուրացումների ու պաշտոնանկության հետ» վերտառությամբ (https://168.am/2019/03/07/1091682.html) հոդված է հրապարակել՝ տարածելով հերթական ապատեղեկատվությունը ընկերության մասին։ Հղում անելով իր անանուն աղբյուրներին՝ լրատվամիջոցը «սենսացիոն բացահայտումներ» է արել «Սեքյուրիթի դրիմ»-ում տնօրենի պաշտոնանկությության վերաբերյալ՝ ոչ ավել, ոչ պակաս այստեղ տեսնելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կապը։
Հայտարարում ենք, որ սա կեղծ տեղեկատվություն է, եւ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային մեղադրելով տարբեր ընկերություններում կապեր ունենալու մեջ, պարզապես հերթական անգամ փորձ է արվում վարկաբեկել նոր կառավարությանը, որն իշխանության է եկել թավշյա, ոչ բռնի հեղափոխության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությամբ։
Ակնհայտ է, թե նոր իշխանություններին վարկաբեկելու պատվերը որ ուժերի կողմից է գալիս. հավատացած ենք, որ եթե լրատվամիջոցների սեփականատերերի եւ ֆինանսական աղբյուրների բացահայտման օրենսդրական պահանջն արդեն իսկ ամրագրված լիներ (ինչի վերաբերյալ ներկայումս քննարկումներ են ընթանում) շատ արագ պարզ կդառնար՝ ինչու է «168 ժամ» –ն այսպիսի ապատեղեկատվություն տարածում։
«168 ժամ» կայքից պահանջում են հրապարակային ապացույցներ ներկայացնել ըկերության հետ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կապի վերաբերյալ կամ անհապաղ հրապարակել հերքում՝ շեշտելով, որ Տիգրան Ավինյանը կապ չունի «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ։
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրներ