Այս պահի դրությամբ մոտ 10 ոստիկաններ գտնվում են ռեստորանում և արգելում են սեփականատիրոջը իր սեփականությունը տնօրինել՝ ըստ հայեցողության․ Փաստաբանը ահազանգում է

Փաստաբան Գեորգի Մելիքյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է, որ մոտ 1 ժամ առաջ Բալահովիտ գյուղի «Խճուղի» ռեստորանում քննիչների կողմից կատարված դեպքի վայրի զննության ընթացքում կնքվել է ութ առանձնասենյակ, դրանով իսկ ապօրինի, առանց դատարանի որոշման սահմանափակվել է սեփականատիրոջ սեփականության իրավունքը։

Գեորգի Մելիքյան

Փաստաբանը կնիքները հեռացրել է դռների վրայից․ «Քանի որ ոստիկանապետը, գլխավոր դատախազը և մարդու իրավունքների պաշտպանը անգործություն են դրսևորել և չեն վերացնում իմ վստահորդի՝ իր սեփական գույքը ըստ հայեցողության տնօրինելու իրավունքը, ես ինքս ինձ իրավունք եմ վերապահում քննիչի կողմից կնիքված այս առանձնասենյակները բացել»,-նշել է նա։

Ավելի վաղ փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է ոստիկանապետին, գլխավոր դատախազին,  քննչական կոմիտեի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին շտապ միջոցներ ձեռնարկել և կատարվող անօրինականությունը կանխել։

«Օրենքով որևէ իրավական հիմնավորվածության առկա չէ, որ քննիչը կարող է ոստիկաններին հետ սահմանափակել անձի սեփականության իրավունքը։ Այն բացառապես դատարանի որոշմամբ է իրականացվում։ Թեև զննության ժամանակ արձանագրել են անօրինական գործողության դեմ առարկություն, սակայն այն կրում է շարունական բնույթ և փաստացի ոչ ոստիկանապետը, ոչ էլ քննչական մարմինները չեն վերացրել անօրինականությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ահազանգ եմ կատարել, սակայն կրկին անգործությունը է։ Ահազանգում եմ 1-02, բողոքը փոխանցում են Կոտայքի մարզային վարչություն, այսինքն այն կառույցին, որը շարունակում է իրականացնել անօրինականությունը»,-նշել է նա։ 

Այս պահի դրությամբ փաստաբանը բացել է բոլոր առանձնասենյակները։ Նա և ոստիկանները գտնվում են ռեստորանային համալիրի տարածքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել