Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 18-ին որոշում է ստորագրել, որով բաշխվել են քաղաքապետի տեղակալների, Երևանի գլխավոր ճարտարապետի և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջև աշխատանքները (պարտականությունները):
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի N 18-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրության 21-րդ կետի 8-րդ ենթակետով և 28-րդ կետով.
Երևանի քաղաքապետի տեղակալների, Երևանի գլխավոր ճարտարապետի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջև կատարել աշխատանքների (պարտականությունների) հետևյալ բաշխումը.
1) Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյան-համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության, տրանսպորտի վարչությունների աշխատանքները.
2) Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյան–համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման, գնումների, ֆինանսական, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության աշխատանքները.
3) Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյան-համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների, քարտուղարության զորահավաքային բաժնի աշխատանքները.
4) Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյան–համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, երիտասարդության հարցերի, սպորտի, տուրիզմի բաժինների աշխատանքները.
5) Երևանի գլխավոր ճարտարապետ Ա.Մեսչյան-համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատանքները.
6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյան–իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաև համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, քարտուղարության, (բացառությամբ` վերջինիս կազմում ընդգրկված զորահավաքային բաժնի), առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման, անձնակազմի կառավարման, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժինների աշխատանքները»:
Որոշման մեջ նաև նշվում է, որ պետք է ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում չներառված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի այլ ստորաբաժանումների (բացառությամբ` Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, սոցիալական աջակցության տարածքային բաժինների, քաղաքացիական կացության ակտերի տարածքային բաժինների) աշխատանքները համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետը: