Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան փետրվարի 15-ին կառավարության հավանությանը կներկայացնի hարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 21-րդ տողում փոփոխություն կատարելու նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ:
Կառավարության հավանությունը ստանալուց հետո այն կքննարկվի Ազգային ժողովում: Ընդունման դեպքում օրենքի դրույթը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից:
Նախագծի ընդունման նպատակը, ըստ նախարարության, սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպանությունն է և այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը:
Հիմանվորման մեջ նշված է, որ խնդիրը կայանում է նրանում, որ թեև ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշմամբ հաստատված՝ ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և շահագործման նվազագույն պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգի 87-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակները պետք է վաճառված գազի քանակության չափումն իրականացնեն կիլոգրամներով, այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համար կիրառվում է խորանարդ մետրի չափման միավորը, վաճառված գազի քանակության չափումն իրականացվում է խորանարդ մետրերով՝ բաշխիչ աշտարակում առկա ստուգաչափման ենթակա գազի կշիռը որոշող չափման միջոցի ցուցմունքը բազմապատկելով գազի խտությամբ պայմանավորված գործակցով, որի տվյալը էլեկտրոնային հանգույցի միջոցով մուտքագրում է գազալցակայան շահագործող տնտեսվարող սուբյուկտը: Ստեղծված իրավիճակում մի կողմից ձևավորվում են սպառողների իրավունքների խախտման ռիսկեր՝ կապված ձեռք բերվող սեղմված բնական գազի ծավալի ճիշտ չափման հետ, իսկ մյուս կողմից բարդանում է այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարությունը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պաշտպանել տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքները և զուգահեռաբար բարձրացնել այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը:
Մանրամասները՝